ՀայաստանՌազմական

Ադրբեջանը «խաղաղության պայմանագրի» ընթացքում շարունակում է զինվել

2020-ի պատերազմից հետո Ադրբեջանը ոչ միայն ամրապնդեց դիրքերը տարածաշրջանում, այլև սկսեց արագ տեմպերով զինվել՝ Իսրայելի և Թուրքիայի աջակցությամբ։ Այսօր Բաքուն ներկայացվում է որպես փոքր բնակչություն ունեցող, բայց մեծ հավակնություններ ունեցող երկիր, որն իր բանակը հագեցնում է ժամանակակից և հզոր զինատեսակներով։

Հաղորդվում է, որ Իսրայելն ունի ավիաբազա Բաքվում, և հենց այդ երկրի աջակցությամբ Ադրբեջանը զարգացնում է իր զինանոցը։ Պատերազմի օրերին Իրանն անգամ մեղադրել էր Բաքվին՝ Իսրայելին օդային տարածք տրամադրելու համար։
Այս համագործակցությունը շարունակվում է․ իսրայելական «Elbit» ընկերությունը արդիականացնում է ավելի քան 1300 տանկ՝ հիմնականում խորհրդային արտադրության, իսկ ադրբեջանական զրահամեքենաները համալրվում են SPIKE հրթիռներով։ Բացի այդ, Ադրբեջանը ստացել է առնվազն 100 կիսաբալիստիկ «LORA» հրթիռ։

Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում նաև հակաօդային համակարգերի վրա։ Նրանց զինանոցում կան ռուսական «Պանցիր» և «Ս-300» համակարգեր, ինչպես նաև իսրայելական «Երկաթե գմբեթ» ու վերջին սերնդի «Barak MX/Barak 8» համալիրներ։

Վերջերս Բաքուն հայտարարեց 48 նոր «Nora-B52 NG» հրետանային համակարգ գնելու մասին, որոնց թիվը հասնում է ավելի քան 400-ի։ Ըստ աղբյուրների՝ ադրբեջանական բանակն ունի մոտ 600 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որոնցից շուրջ 100-ը կառավարվող հրթիռներ են՝ HIMARS-ից էլ մեծ հեռահարությամբ։

Ադրբեջանը բանակցում է Թուրքիայի հետ SOM ŞAHIN թևավոր հրթիռներ տեղակայելու համար։ Դրանք նախատեսվում է տեղադրել 50–60 պակիստանյան արտադրության JF-17 Thunder/C կործանիչների վրա։ Գործարքների ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 6 միլիարդ դոլար։

Հատկանշական է, որ Հայաստանը դրան զուգահեռ չի փորձում ավելացնել ռազմական բյուջեն, այնինչ՝ «խաղաղության ձգտող» Ադրբեջանը շարունակում է զինվել։ Հատկապես վերջին տարիներին ռազմական բյուջեի մակարդակը չափազանց բարձր է՝ ի համեմատություն Հայաստանի ռազմական բյուջեի։ 2026 թվականին այն 4 անգամ ավելի շատ կլինի, քան երբևէ։ Ադրբեջանը նախատեսում է 8,8 միլիարդ դոլարի հասցնել ռազմական բյուջեն 2026 թվականի համար։

Չնայած այս ամենին՝ Ադրբեջանի հարաբերությունները հարևանների հետ լարված են։ Պաշտոնական Բաքուն հաճախ է հակասությունների մեջ մտնում Իրանի և Ռուսաստանի հետ։ Լրատվամիջոցները նշում են, որ Ալիևը նույնիսկ կոշտ արտահայտություններով է հիշատակել ռուսական զինվորներին ու Պուտինին։
Ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվել են նաև Ուկրաինայի պատերազմի ֆոնին, երբ խոսվում էր ադրբեջանական խողովակաշարերի ռմբակոծման մասին։

Փորձագետները ընդգծում են, որ մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար այս զինանոցը չափազանց մեծ է։ Բաքվի հետևում կանգնած են Թուրքիան և Իսրայելը՝ զարգացած ռազմական արդյունաբերությամբ երկրներ, որոնք շարունակ աջակցում են Ադրբեջանին։

Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որի շրջանակում Սյունիքի մարզով նախատեսվում է ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել՝ «Թրամփի ուղի» (TRIPP), որը Ադրբեջանին առևտրային հասանելիություն կտա Նախիջևանի ուղղությամբ։ ԱՄՆ–ը ճանապարհը վարձակալում է 99 տարով։