ՀայաստանՏնտեսություն

Իրան-Հայաստան 400 կՎ լարման գիծը կարող է մասամբ շահագործման հանձնվել 2026-ի առաջին կիսամյակում

Իրան-Հայաստան 400 կիլովոլտ լարման գծի շինարարությունը նախատեսվում է մասամբ ավարտել 2026 թվականի առաջին կեսին։ «Բարձրավոլտ Էլեկտրացանց» ՓԲԸ–ից հայտնում են, որ այդ փուլում կավարտվի գծի մեկ շղթան՝ Իրանի սահմանից մինչև Սիսիանի Նորավան ենթակայանը։

Մասնակի ավարտից հետո գծի թողունակությունը կհասնի շուրջ 500 ՄՎտ-ի, մինչդեռ ամբողջական ավարտից հետո այն կհասցվի ավելի քան 1 000 ՄՎտ-ի։ Աշխատանքների մի մասի տեղափոխումը մյուս տարի կապված է այն հանգամանքով, որ որ գծի որոշ հատվածներ կառուցվում են բարձր լեռնային գոտիներում, որոնք հոկտեմբերի կեսերից կամ նոյեմբերի սկզբից անանցանելի են դառնում։

Ծրագրով նախատեսվում է գիծը կառուցել երկու շղթայով՝ մինչև Դդմաշեն, որտեղ կկառուցվի նաև նոր ենթակայան։ Այնուհետև Դդմաշենից կանցնի Հայաստան–Վրաստան 400 կՎ գիծը, որի շինարարության մրցույթը շահել է հնդկական KEC International Limited ընկերությունը։ Այն երեքուկես տարվա ընթացքում պիտի կառուցի մոտ 109 կմ երկարությամբ գծեր։

Դդմաշենում և Այրումում ենթակայանների մրցույթները կավարտվեն նոյեմբերին։ Այրումի սահմանային փոխակերպիչ կայանը կապահովի հայկական և վրացական էներգահամակարգերի անխափան կապն ու կավելացնի փոխհոսքերի ծավալները։

Նշենք, որ Հայաստանում այս պահին 400 կՎ լարման գծեր չկան․ Իրան-Հայաստան ուղղությամբ գործում են 220 կՎ երկու գծեր, իսկ Վրաստանի ուղղությամբ՝ մեկ 220 կՎ և երկու 110 կՎ գծեր։

Իրան-Հայաստան գիծը կառուցվում է Իրանի վարկով, իսկ Հայաստան–Վրաստան գիծը՝ գերմանական KfW բանկի վարկով։