
2026 թվականից Հայաստանում կմեկնարկի պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգը
2026 թվականից Հայաստանում մեկնարկում է առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգը, որը կիրականացվի երեք փուլով և կավարտվի 2028 թ.-ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ պետական բյուջեում արդեն հաշվարկվել են համապատասխան ծախսերը։
Նախարարի խոսքով՝ առաջին փուլում պետությունը ամբողջությամբ կսուբսիդավորի մինչև 18 տարեկան երեխաներին և 65 տարին լրացած քաղաքացիներին։ Հաջորդ փուլերում համակարգում կներառվեն 18–65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք և անապահովության 28 և ավելի բալ ունեցող քաղաքացիները։ Սկզբնական նախագծով նախատեսված էր ընդգրկել միայն բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիներին, սակայն շեմը իջեցվել է, որպեսզի առաջին փուլով հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ ներգրավվեն համակարգում։ Նախարարը հավելեց, որ առաջի փուլը կվերաբերի 1 մլն 600 հազար քաղաքացու, որոնք վերջին 183 օրն ապրել են Հայաստանում։
Թեև ծրագիրը ներկայացվում է որպես մեծ սոցիալական առաջընթաց և եվրոպական ինտեգրման կարևոր բաղադրիչ, հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի բյուջեն պատրաստ է կրել այսպիսի ծախսեր։ Նախնական հաշվարկներով միայն առաջին փուլի համար մեկ ապահովագրական փաթեթի արժեքը կազմում է շուրջ 129 600 դրամ։ Եթե հաշվենք 1 միլիոն 600 հազար քաղաքացիների ընդգրկումը, ապա խոսքը գնում է հարյուրավոր միլիարդների մասին։
Կառավարությունը վստահեցնում է, որ ծախսերը հաշվարկված են և բյուջեն կդիմանա, սակայն փորձագետները հիշեցնում են՝ Հայաստանի պետական բյուջեն արդեն լուրջ ճնշումների տակ է՝ հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին պետբյուջեի դեֆիցիտը միայն աճում է։
Մյուս կողմից՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխանող համակարգ ունենալու համար անհրաժեշտություն կլինի մի շարք փոփոխոխություններ իրականացնել տարբեր ոլորտներում։
Փաստացի՝ Հայաստանը փորձում է գնալ դեպի Եվրոպա և Եվրամիություն, բայց, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր օրեր առաջ հայտարարել, որ Հայաստանի կառավարության գերխնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է, նույնիսկ եթե այն երբեք չբերի անդամակցության։ Հարց է առաջանում՝ արդյոք կառավարությունը դիտարկում է նման մեծածավալ փոփոխությունների ռիսկը և Հայաստանի պարտքը ինչքան կարող է ավելանալ այս պայմաններում։