ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի կառուցումը կտևի առնվազն երկու տարի

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի կառուցումը, ամենաարագ հաշվարկներով, կտևի առնվազն երկու տարի։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ մասնագետների գնահատականները հենց այդ ժամկետն են ցույց տալիս։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է, որ այդ ճանապարհը բացվի որքան հնարավոր է շուտ։ Պատճառն այն է, որ երկաթուղին կարող է դառնալ ոչ միայն տարածքային հաղորդակցության միջոց, այլև տնտեսական մեծ հնարավորություն։

Հետաքրքիր է դիտարկել հետևյալը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենք գրեթե ավարտում են երկաթուղու շինարարությունը, և, հավանաբար, մեկ տարուց էլ պակաս ժամանակում, գուցե նույնիսկ հաջորդ տարվա գարնանը, երկաթուղու ադրբեջանական հատվածը կառուցված կլինի։ Նա նշել է, թե վերջին հինգ տարիներին հայկական կողմից որևէ աշխատանք չի տարվել, այդ հարցը իբր դիտավորյալ հանվում է օրակարգից։ Ալիևի խոսքով՝ այս դեպքում «Հայաստանի՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները գրեթե զրոյի են հավասար և եթե Հայաստանը շարունակի խոչընդոտել գործընթացը, կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև՝ քաղաքական մեկուսացման մեջ»։

Այդ հայտարարությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երեւանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանի առաջարկները կամ լռության է մատնում կամ մերժում է։ ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե առնվազն երկու տարվա ընթացքում կկառուցվի երկաթուղին, և վարչապետի գրասենյակի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն երկաթուղի կկառուցի միայն Ադրբեջանի հետ համաձայնության դեպքում, կարող են փաստել, որ կողմերը ընդհանուր համաձայնության են հասել և քննարկվել է ավարտին հասցնելու ժամկետները։