ՀայաստանՍպորտ

Գոռ Սահակյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ աշխարհի առաջնությունում

Հայ ծանրորդ Գոռ Սահակյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում՝ պոկում վարժությունում գլխավերևում պահելով 154 կիլոգրամ ծանրաձողը։

71 կգ քաշային կարգում հանդես եկող Սահակյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 150 և 154 կգ, սակայն հրում վարժությունում չկարողացավ ամրապնդել իր արդյունքը։ Այդուհանդերձ, մեր մարզիկը դարձավ պոկում վարժության փոխչեմպիոն՝ արժանանալով փոքր արծաթե մեդալին։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը աշխարհի առաջնությունում ներկայացված է հետևյալ կազմով՝
Գառնիկ Չոլակյան (60 կգ), Գոռ Սահակյան (71 կգ), Սուրեն Գրիգորյան (88 կգ), Սիմոն Մարտիրոսյան (110 կգ), Գարիկ Կարապետյան (110 կգ) և Վարազդատ Լալայան (+110 կգ)։

Թիմի գլխավոր մարզիչն է Փաշիկ Ալավերդյանը, մարզիչը՝ Հակոբ Փիլոսյանը։

Կանանց հավաքականից Հայաստանի միակ ներկայացուցիչն է Աննա Ամրոյանը (77 կգ), ում մարզում են Արտաշես Ներսիսյանն ու Տարոն Թովմասյանը։

Աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 2-11-ը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում։