ԱրցախՍոցիալական

Քանի արցախցի է այս պահին ստացել ՀՀ քաղաքացիություն

Պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115 365 մարդ, որոնցից այս պահին միայն 17,4 տոկոսն է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Դրան զուգահեռ՝ ավելի քան 11 հազար մարդ լքել են Հայաստանը։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղեկացմամբ՝ ավելի քան 12 500 արցախցի ստացել է ՀՀ քաղաքացիություն, իսկ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով անչափահասների տվյալները, քաղաքացի է դարձել մոտ 20 հազար մարդ։

Հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 19 246 տեղահանված անձ, որոնցից 12 564-ի վերաբերյալ նախագահի հրամանագիրն արդեն ստորագրվել է։

Սեպտեմբերի 26-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է տրվել նաև 6778 անչափահասի, որոնք ընդգրկվել են իրենց ծնողների դիմումների հիման վրա։

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի բնակիչների համար քաղաքացիություն ստանալու գործընթացը պարզեցված է, և այն կարող է տևել առավելագույնը երկու ամիս, մինչդեռ սովորաբար այդ ընթացքը ձգվում է առնվազն 90 օր։

Այնուամենայնիվ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշում է, որ Հայաստանից հեռացածների թիվը շարունակում է աճել։ Նրա խոսքով՝ արցախցիները հիմնականում տեղավորվում են Ռուսաստանում, որտեղ բնակարանների վարձերը մոտ 50 տոկոսով ավելի մատչելի են, իսկ աշխատանքային հնարավորությունները՝ լայն։

Արցախցիների հաջորդ նախընտրելի ուղղությունը Եվրոպան է, մասնավորապես՝ Հունգարիան, որտեղ ներկայումս շուրջ 300 արցախցի է բնակություն հաստատել։ Երկիրը սահմանել է աջակցության հատուկ ծրագիր, որը նրանց հնարավորություն է տալիս օրինական բնակություն հաստատել և առաջին տարում ստանալ սոցիալական աջակցություն։