ՀայաստանՔաղաքականություն

Վայոց ձորի մարզպետների պատմությունը՝ սկանդալներից մինչև նոր նշանակումներ

Կոլյա Միքայելյանը կազատվի Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ հոկտեմբերի 9-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում:

Զեկուցվող մյուս նախագծով Վայոց ձորի նոր մարզպետ կնշանակվի Վահագն Արսենյանը: Նա Ջերմուկի համայնքապետ է նշանակվել 2021 թվականին։ Վահագն Արսենյանը նախկինում աշխատել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում՝ որպես հանքային և աղբյուրի ջրերի արտադրության պետ,«Էկո-Ֆարմ» ՍՊԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն։

7 տարվա ընթացքում՝ 2018-2025 թվականներին, Վայոց ձորում արդեն չորս մարզպետ է փոխվել։

Վայոց ձորի մարզպետների շուրջ ձևավորված սկանդալները վերջին տարիներին անընդհատ ուշադրության կենտրոնում էին։ 2018 թվականին մարզետ ընտրված Տրդատ Սարգսյանի անունը հաճախ է հնչել աղմկահարույց պատմություններում։ Սակայն ամենածանր հարվածը Տրդատ Սարգսյանի քաղաքական կենսագրությանը հասցրեց 2019 թվականի սեպտեմբերի 18-ի միջադեպը․ Եղեգնաձորում դաժան ծեծի էր ենթարկվել Զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Նա 4 տարի կոմայում մնալուց հետո մահացավ 2023 թվականի հունիսի 27-ին։ Ըստ նախաքննության այդ ծեծին մասնակցել է մարզպետի օգնականը։ Բացի այդ, մի շարք ցուցմունքների համաձայն, Տրդատ Սարգսյանը եղել է դեպքի վայրում, հրահանգներ է տվել իր աշխատակիցներին և նույնիսկ արգելել է ոստիկաններին միջամտել։

Սկանդալը լայն արձագանք ստացավ․ հասարակական ճնշման տակ Տրդատ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց՝ չընդունելով մեղավորությունը։ Նրա օգնականն ու եղբայրը ձերբակալվեցին, սակայն հետագայում նրանք ազատ արձակվեցին գրավի դիմաց։

Հետագա տարիներին մարզպետի պաշտոնը դարձավ քաղաքական և հասարակական շահերի բախման կենտրոն։ Կառավարությունը մարզպետի պաշտոնում նշանակեց հենց այդ գործով մեղադրյալի փաստաբան Արարատ Գրիգորյանին, որի նշանակումը ևս քննադատվեց։ Գրիգորյանը 2023 թվականին հրաժարական տվեց։

Նրան փոխարինեց ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը։ Վերջինիս հեռացման շուրջ խոսակցություններ կային դեռևս սեպտեմբերի սկզբներին։ Լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ դեռևս հաղորդագրություն չի ստացել վարչապետից՝ աշխատանքից հեռանալու վերաբերյալ և հորդորեց հետևել պաշտոնական հաղորդագրություններին։ Այդ ճեպազրույցից ընդամենը երկու շաբաթ անց նա հեռացվեց պաշտոնից։

Մնում է հասկանալ ի՞նչ ընթացք է ունենալու նոր մարզպետի պաշտոնավարումը