ՀայաստանՍնունդ

«Զավիկի ղարսը» հրաժարվեց դադարեցնել վտանգավոր սննդամթերքի արտադրությունը

Երևանի Սարյան 22 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտ՝ «Զավիկի ղարսը», հրաժարվել է իրականացնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից տրված կասեցման որոշումը:

Տեսչական մարմնի տեղեկացմամբ, տնտեսվարող Սամվել Տեր-Պողոսյանը ոչ միայն հրաժարվել է ստանալ պաշտոնական որոշումը, այլև սոցիալական ցանցերում պնդել է, թե ՍԱՏՄ-ի հրապարակած տեղեկությունները «կեղծ» են, ինչն ապակողմնորոշել է հանրությանը:

ՍԱՏՄ-ի լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ «հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակը և «մայոնեզը» պարունակում են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, E.coli, S.aureus և սալմոնելա, ինչը չի համապատասխանում անվտանգության կանոններին:

Չնայած տեսչական մարմինը նախազգուշացնում է, որ «Զավիկի ղարսի» արտադրած սննդամթերքը վտանգավոր է առողջության համար և հորդորում է հասարակությանը խուսափել այն օգտագործելուց, Amnews-ին հաջողվեց կապ հաստատել հիմնարկի իրավաբան Արտակ Խաչատրյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ստուգումներ եղել են մի քանի օր առաջ, բայց իրենք արդյունքների մասին տեղեկացել են մամուլից։

Այստեղից կարելի է հետևություն անել, որ կողմերի միջև անհամաձայնությունը ոչ միայն դժվարացնում է խնդիրների լուծումը, այլև հանրության համար ստեղծում է անորոշություն: Արդյունքում՝ վտանգի տակ է հայտնվում հենց սպառողը, ու հենց նա է վճարում բացթողումների գինը: