
Մշակույթի նախկին նախարարից 25 միլիոն դրամ կբռնագանձվի
ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի շուրջ վերջին տարիներին ձևավորված իրավական գործընթացները նոր զարգացումներ են ստացել։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը՝ պարտավորեցնելով նախկին նախարարից բռնագանձել շուրջ 25 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։ Դատախազության հաղորդմամբ՝ այս վնասը առաջացել է 2007-2008 թվականներին Քոբայրավանքի վերականգնման ծրագրի շրջանակում «Գուգարք» ընկերության հետ կնքված պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հետևանքով։
Այս որոշումը, սակայն, միայն մեկ դրվագ է ավելի լայնածավալ հակակոռուպցիոն գործընթացի շրջանակում։ Դատախազությունը նաև պահանջ էր ներկայացրել բռնագանձել մոտ 1 միլիարդ դրամ՝ հիմնավորելով, որ այդ գումարներն ու գույքերը ապօրինի ծագում ունեն և չեն համապատասխանում Պողոսյանի օրինական եկամուտներին։ Հայցը ներառում է դրամական միջոցներ, մասնաբաժիններ, փոխառություններից ծագող պահանջներ և նախկին նախարարին պատկանած տրանսպորտային միջոցի արժեք։ Այսպիսով, Հասմիկ Պողոսյանի գործը դարձել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքականության ամենախոշոր դրվագներից մեկը։
Բացի ֆինանսական խախտումներից, Հասմիկ Պողոսյանի անունը կապվում է նաև փողերի լվացման քրեական գործի հետ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Պողոսյանը, ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի և այլոց հետ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքը ձևական գործարքի արդյունքում օտարել է օֆշորում գրանցված ընկերությանը։ Այդ ընկերության տնօրենը, ըստ քննության, հանդիսացել է Պողոսյանի որդու կինը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին։ Սա վկայում է ոչ միայն պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, այլև ընտանեկան և օֆշորային կապերի միջոցով ունեցվածքի օրինականացման փորձերի մասին։
Այս ամենի ֆոնին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հիշեցնենք, որ Հասմիկ Պողոսյանը մշակույթի նախարարի պաշտոնում շուրջ 10 տարի է եղել՝ 2006-2016 թվականններին։