
Հայաստանի ծաղկաբուծության նոր արտադրական բազա կստեղծվի Ֆանտան գյուղում՝ հնարավոր արտահանման մարտահրավերների ֆոնին
Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Բիզնես բուկետ» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում կառուցելու է ծաղկաբուծության նոր արտադրական բազա՝ բաց դաշտային պայմաններում: Ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 270 մլն դրամ։ Դրա շրջանակներում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 210 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: Ներկայումս բիզնեսն արդեն ունի 10 աշխատող: Հարկ է նշել, որ Ֆանտան գյուղը ավելի քան 1000 բնակիչ ունի։
Ընկերությունը կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից՝ 1,4 մլն դրամի չափով, ինչը կնպաստի հումքի և հիմնական միջոցների ձեռքբերմանը: Ծաղկաբուծության այս ծրագիրը նպատակ ունի խթանելու ոլորտի ընդլայնումը, հատկապես հաշվի առնելով, որ 2024-ին Հայաստանը Ռուսաստանին մատակարարել է ծաղիկների զգալի քանակ՝ դառնալով հիմնական մատակարարներից մեկը:
Սակայն նոր արտադրությունը բախվում է արտահանման հետ կապված խնդիրների. Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ 2025-ի հունիսի 16-ից մտադիր է ժամանակավորապես արգելք սահմանել Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա՝ բուսասանիտարական ռիսկի և կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերման պատճառով: Տնտեսագետները, սակայն, դրա հիմնական պատճառները տեսնու էին Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղիկների կտրուկ աճի հետ։ 2025 թվականի առաջին կիսամյակում դեպի Ռուսաստան է արտահանվել 52 մլն հատ ծաղիկ, ինչը 49,7%-ով ավել է 2024 թվականի ցուցանիշից։
Պետական եկամուտների կոմիտեից Amnews-ին հայտնեցին, որ Հայաստանը ծաղիկներ է արտահանում նաև Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ,, ԱՄՆ, Շվեդիա և այլ երկրներ։
Թեև Ֆանտանում նոր արտադրական բազան կբարձրացնի ծաղկաբուծության ծավալները, ոլորտը դեռ կանգնած է արտահանման հիմնախնդիրների առաջ: