
Փարաքարի վերջին սպանությունների գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հոկտեմբերի 8-ին իրականացված խուզարկությունների արդյունքում ևս մեկ անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Նախորդ օրերին իրավապահները, դատարանի որոշմամբ, խուզարկություններ են իրականացրել ավելի քան 30 հասցեում, այդ թվում՝ Մերձավան բնակավայրում գտնվող տներում և համայնք մուտք գործող մեքենաներում: Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են զենքեր, որոնք, ըստ Քննչական կոմիտեի տվյալների, կարող են առնչվել հետաքննվող դեպքերի հետ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ խուզարկություններ կատարվել են նաև Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի հայրական տանը: Քննչական կոմիտեն այս անգամ ևս մանրամասներ չի հրապարակել ձերբակալվածի և հայտնաբերված իրերի վերաբերյալ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը վիրավորում է ստացել։ Դեպքի շրջանակներում արդեն ձերբակալվել է 2 անձ։