ՀայաստանՊատահար

Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մեկուսացվել է. օգտագործվել է շուրջ 1400 տոննա ջուր

Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ չորս հեկտար տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 11-ի երեկոյան՝ ժամը 20:06-ին։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարարության փրկարար ծառայությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած փրկարարներն ու քաղաքապետարանի աշխատակիցները օգտագործել են շուրջ 1400 տոննա ջուր և կատարել մոտ 900 երթ հողալցում, որպեսզի կանխեն կրակի հետագա տարածումը։ Աշխատանքները շարունակվում են նույն ինտենսիվությամբ։

Հրդեհը բռնկվել էր հոկտեմբերի 10-ի գիշերը, և ծուխը տեսանելի էր մայրաքաղաքի տարբեր հատվածներից։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ բռնկումը պատահական չի եղել և դիտավորյալ գործողության հետևանք է։ Նա վստահեցրեց, որ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները։ Ավինյանի հրամանով աշխատանքից ազատվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։

Դեպքի առթիվ քննչական կոմիտեն հարուցել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասով՝ վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով։