
Կոտայքի մարզում կանխվել է վենդետան
Կոտայքի մարզում իրավապահներին հաջողվել է կանխել վրեժխնդրության նպատակով նախապատրաստվող սպանության դեպք։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դանակահարությամբ ավարտված վիճաբանությունից հետո Հ.Գ.-ն իր ընկերոջը՝ Տ․Մ․-ին, դրդել է սպանել Ա.Օ.-ին։
Տ.Մ.-ն, ժամանելով Հայաստան, Հ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել գործարանային արտադրության ակոսափող հրազեն, ինքնաձիգ, փամփուշտներ և մարտական նռնակ։ Նա Հ.Գ.-ի դրդմամբ կատարել է սպանության նախապատրաստական գործողություններ՝ վարձակալելով Ա.Օ.-ին պատկանող տան հարևանությամբ առանձնատուն, հետևել վերջինիս տեղաշարժին և լուսանկարահանումներ կատարել, սակայն Ա.Օ.-ն նկատել է նրան և ընկերների հետ ծեծի ենթարկել։
Օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ Տ․Մ.-ն և Հ.Գ.-ն ձերբակալվել են, իսկ իրենց ձեռնարկած հաշվեհարդարի փորձը կանխվել է։ Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել է նախապատրաստման համար օգտագործված զենք-զինամթերքը։
Տ․Մ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ սպանության նախապատրաստություն (Քրեական օրսնգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետ) և ապօրինի զենք-զինամթերքի շրջանառություն (335-րդ հոդվածի 2-րդ մաս), իսկ Հ.Գ.-ի նկատմամբ՝ սպանության նախապատրաստության դրդում և նույն 335-րդ հոդվածի 2-րդ մաս։
Երկու անձինք կալանավորվել են։