
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր ենթատեսակ․ ի՞նչ է հայտնի դրա մասին
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ՝ SARS-CoV-2 XFG, որը ոչ պաշտոնապես հայտնի է «Ստրատուս» անվանումով։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ հանրապետությունում համաճարակային իրավիճակը ներկայում կայուն է։ Ըստ վերջին տվյալների՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նվազման միտում ունեն։ Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է 70 նոր դեպք (2.4 դեպք ըստ 100.000 բնակչության), մինչդեռ նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 72 դեպք։
Նախարարության պարզաբանմամբ՝ «Ստրատուսը» կորոնավիրուսի նոր տարբերակ է, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 2025 թվականի հունիսին ընդգրկվել է հսկողության տակ գտնվող շտամների ցանկում։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում՝ 2025 թվականի հունվարի 27-ին, և արդեն տարածվել է 38 երկրում, այդ թվում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Հարավարևելյան Ասիայում։
Վիրուսի այս տարբերակը բնորոշվում է բարձր վարակայնությամբ, սակայն առկա տվյալները ցույց են տալիս, որ հիվանդության ընթացքը, ընդհանուր առմամբ, թեթև է և հիմնականում ծանրանում է միայն խոցելի խմբերի՝ տարեցների և ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց մոտ։ Առողղջապահության նախարարությունից Amnews-ին հայտնեցին, որ «Ստրատուսով» վարակման առանձնահատկություններից մեկն է նաև ձայնի փոփոխությունը կամ խռպոտությունը։ Փորձագետները նշեցին, որ SARS-CoV-2-ի հիմնական փոխանցման ուղիներն են օդակաթիլային, օդափոշային և սերտ շփման ճանապարհները, իսկ ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-ից մինչև 14 օր։ Հիվանդությունը բնորոշվում է մրսածության (ՍՇՎՎ) կլինիկական նշանների դրսևորմամբ: Հիմնական ախտանիշներից են՝ ջերմություն, չոր կամ քիչ խորխով հազ, հևոց, մկանային ցավեր, հոսող կամ խցանված քիթ, հոգնածություն, համի ու հոտի զգացողությունների կորուստ, սրտխառնոց, լուծ և կրծքավանդակում ծանրության զգացում:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ, թեև «Ստրատուսը» արդեն շրջանառվում է Հայաստանում, իրավիճակը վերահսկելի է։ Հանրապետությունում շարունակում է շրջանառվել նաև «Օմիկրոն» XBB.1.5 («Կրակեն») ենթատեսակը, որը հայտնաբերվել էր դեռևս 2023 թվականին։