
Գյումրիում հացի արտադրամասի աշխատանք է կասեցվել
Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աղասի Անտիկյանին պատկանող հացի արտադրամասում։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրական գործընթացը կազմակերպվել է սանիտարահիգիենիկ պահանջների խախտմամբ։
Ըստ հաղորդագրության՝ արտադրամասում արձանագրվել են շինությունների նախագծային և կառուցվածքային թերություններ, որոնք չեն ապահովել հումքի և պատրաստի արտադրանքի հոսքերի ճիշտ բաժանումը։
Բացի այդ, արտադրամասի պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանները և դարակաշարերը, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։
Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև թերությունների ամբողջական վերացումը։