ՀայաստանՍպորտ

Հայաստանի հավաքականը 0։1 հաշվով պարտվեց Իռլանդիային

Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի 4-րդ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում 0։1 հաշվով պարտվեց Իռլանդիայի թիմին։

Խաղի առաջին կեսում առավելություն ուներ Իռլանդիայի հավաքականը, սակայն մեր պաշտպանները վստահ էին գործում՝ չթույլատրելով մրցակցին ստեղծել իրական գոլային պահեր։ Հայաստանի հավաքականը իր լավագույն հնարավորությունը ունեցավ 38-րդ րոպեին՝ Էդուարդ Սպերցյանի հարվածից հետո, որը սակայն վրիպեց։ Առաջին կեսն ավարտվեց առանց գոլերի։

Երկրորդ խաղակեսում իրավիճակը փոխվեց․ Տիգրան Բարսեղյանը մրցակցի դեմքին հարվածելու համար կարմիր քարտ ստացավ, ինչի հետևանքով Հայաստանը մնաց տասը ֆուտբոլիստով։ Թվային առավելությունը օգտագործելով՝ իռլանդացիները ուժեղացրին ճնշումը և 70-րդ րոպեին բացեցին հաշիվը։

Չնայած խաղի ավարտին Հայաստանի հավաքականը փորձում էր փոխել հանդիպման ընթացքը, սակայն գրոհներն արդյունավետ չէին։ Դարպասապահ Հենրի Ավագյանը մի քանի սեյվերով դարձավ թիմի լավագույն ֆուտբոլիստը։

Թիմի հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Երևանում, որտեղ մեր ընտրանին կընդունի Հունգարիայի հավաքականին։