
Կրակոցներ Սպիտակում՝ նախկին պատգամավոր «Դերժավայի Արկադիի» տան մոտ․ 7 ձերբակալված կա
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում գործարար Արկադի Համբարձումյանի՝ «Դերժավայի Արկադիի» տան մոտ հնչած կրակոցների գործով 7 անձ է ձերբակալվել։
Քննչական կոմիտեից Amnews-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվածները կասկածվում են խուլիգանության մեջ։ Նախնական տվալներով՝ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 7 անձ, որոնց թվում է նաև նախկին պատգամավորի որդին։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Սպիտակ քաղաքում մի խումբ-կ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ։
Վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակոցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի տան մոտ։
Քննչական կոմիտեն պարզում է միջադեպի հանգամանքները։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 2022-ին Արկադի Համբարձումյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցել։ Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ավելի քան 350 միլիոն դրամ արժողությամբ գույքը չհայտարարագրելու և շուրջ 211 միլիոն դրամ հարկեր և տուրքեր չվճարելու համար։