ՀայաստանՔաղաքականություն

Գյումրիի համայնքապետի որդու գործով Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործից։

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ Սպարտակ Ղուկասյանը, օգտագործելով իր սոցիալական դիրքն ու հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով մոտեցել է համայնքային բեռնատարի վարորդին՝ պահանջելով, որ մեքենայի թափքին բեռնված գույքը տեղափոխվի իրեն և իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի։

Վարորդը, վախի ազդեցության տակ և վատ հետևանքներից խուսափելու համար, կատարել է պահանջը՝ համայնքապատկան բեռնատարով գույքը տեղափոխելով հանգստյան գոտի և բեռնաթափել այն։

ՔԿ տվյալներով՝ Սպարտակ Ղուկասյանը այս կերպ իրենն է դարձրել գույքը՝ Գյումրի համայնքին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ հարկադրանքի այլ եղանակով կատարված շորթման համար։ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Սպարտակ Ղուկասյանը սեպտեմբերի 11-ի առավոտյան էր ձերբակալվել, նրան մեղադրանք է առաջադրվել հարկադրանքի եղանակով շորթման համար: Նույն օրը հրավիրած ասուլիսի ժամանակ Վարդան Ղուկասյանը պնդեց, որ քրեական վարույթի մասին նոր են իմացել, չգիտի՝ քննիչները ումից ինչ շորթելու համար են կասկածում որդուն: