ՀայաստանՔաղաքականություն

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց ևս 30 օրով

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բարերար և գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգել ևս 30 օրով։ Քննիչի միջնորդությունը ներկայացվել էր հոկտեմբերի 11-ին։

Պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ կալանքի երկարաձգումը կարծես արվում է այն տրամաբանությամբ, որ «կա՛մ գործը պետք է ավարտել և ուղարկել դատարան, կա՛մ ընդհանրապես դադարեցնել»։

Փաստաբան Արմեն Ֆերոյանն էլ ընդգծեց, որ Հայաստանի դատական պրակտիկայում նախադեպ չկա, երբ միջին ծանրության մեղադրանքով անձին ամիսներով կալանքի տակ պահեն։

Դատարանի որոշումը բողոքի ալիք բարձրացրեց՝ բակում հավաքվածները վանկարկում էին․ «Ամոթ, ամոթ»։ Միջնորդության քննությունը տևել է երկու օր և ավարտվել հոկտեմբերի 16-ին՝ գիշերը 01:30-ին։

Փաստաբանական թիմը քննադատել է դատավոր Վահե Դոլմազյանին՝ հիշեցնելով, որ նա նախկինում կալանքի որոշումներ է կայացրել մի շարք հնչեղ գործերով՝ Արմեն Աշոտյանի, Դավիթ Տոնոյանի, Ռուբեն Վարդազարյանի և այլոց նկատմամբ։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին, իսկ օգոստոսի 15-ին նրա կալանքը ևս 2 ամսով երկարացվել էր։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ (հարկերից խուսափում), 296-րդ (փողերի լվացում) և 422-րդ (իշխանությունը զավթելու կոչեր) հոդվածներով։ Հոկտեմբերի 13-ին նրա մեղադրանքը փոփոխվել է․ ավելացվել է 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման նոր մեղադրանք։

Սամվել Կարապետյանի նկատմամբ քննությունը շարունակվում է։