ՀայաստանՔաղաքականություն

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման

«Սիսական» ջոկատի նախկին հրամանատար Աշոտ Մինասյանը, հայտնի նաև որպես Աշոտ Երկաթ, դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու և փոխադրելու համար։

Վերաքննիչ քրեական դատարանը մասամբ բավարարեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և փոփոխեց Սյունիքի առաջին ատյանի դատարանի 2024 թվականւ դեկտեմբերի 26-ի վճիռը, որով նախկինում Աշոտ Մինասյանին պատիժը կրելը պայմանական էր նշանակված։ Այս որոշմամբ պայմանական պատիժը վերացվեց, և նա կազատազրկվի։ Պատիժը հաշվելու սկիզբը հաշվվելու է վերջինիս՝ փաստացի կալանքի տակ գտնվելու ժամանակվանից։

Աշոտ Մինասյանը կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերի 1-ին։ Նա մեղադրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար։ ՀՀ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դեպքերով իրականացվող քրեական հետապնդումը նրա նկատմամբ դադարեցվել է։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 26-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ, Աշոտ Մինասյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։ Նրան ազատ արձակեցին՝ սահմանելով գրավ և ստորագրություն չհեռանալու մասին՝ մինչև դատավարության ավարտը։