
Փաշինյանը հրամայել է ստեղծել ճգնաժամային խումբ՝ Երևանի խցանումները կարգավորելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՆԳՆ-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին ստեղծել ճգնաժամային խումբ՝ մայրաքաղաքի փողոցներում տիրող խցանումների խնդիրը կարգավորելու համար։
Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ մեքենաների թվի աճը արդեն դարձել է լուրջ խնդիր։
Երեկ անձամբ ականատես եղա՝ 18:20-ի ժամանակ Երևան կենտրոնում ինչ է կատարվում։ Հեծանվով Բաղրամյան 26 հասնելն ինձ համար պրոբլեմ էր խցանման պատճառով։ Ես չէի կարող մտածել, որ կարող է ժամ լինել, երբ նույնիսկ հեծանվով հնարավոր չէ անցնել, – ասաց վարչապետը։
Նա ընդգծեց, որ ստեղծվող խումբը պետք է լինի ոչ թե սովորական աշխատանքային, այլ ճգնաժամային, քանի որ իրավիճակը, ըստ նրա, «բառիս բուն իմաստով ճգնաժամ է». «Բոլոր երկրներում լինում են խցանումներ, բայց խցանում էլ կա, խցանում էլ. սա արդեն քաոս է»։
Վարչապետը նաև նկատեց, որ խցանման պարագայում ավելի լավ է, որպեսզի մարդիկ օգտագործեն էլեկտրամոբիլներ, որպեսզի նվազեցվեն արտանետումները։
Այնուամենայնիվ, սա առաջին անգամը չէ, երբ մայրաքաղաքում աշխատանքային օրվա ավարտից հետո նման իրավիճակ է ստեղծվում։ հոկտեմբերի 15-ին Amnews-ի դիտարկումներով խցանումներ էին գրանցվել Աբովյան, Նալբանդյան, Իսահակյան, Ամիրյան փողոցներում, Մաշտոցի պողոտայում և այլ՝ միշտ ծանրաբեռնված փողոցներում։ Երեկ ժամը 18։00-ից մինչև 19։30 ընկած ժամանակահատվածում Yandex-ը մայրաքաղաքի խցանումները 10-ից 8 էր գնահատել։