ՀայաստանՔաղաքականություն

«Սրբազան պայքար» շարժման ներկայացուցիչների դատավարությունը շարունակվում է դռնփակ կարգով

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և շարժման 17 համակիրների դատական նիստը շարունակվում է դռնփակ։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրել է հրատապ միջնորդություն, որը նույնպես քննվում է դռնփակ՝ անվտանգության նկատառումներով։

Նիստին չի մասնակցում մեղադրյալ Տիգրան Գալստյանը, որը հոկտեմբերի 13-ին տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն և շարունակում է մնալ այնտեղ։ Փաստաբանն ընդգծեց՝ իր պաշտպանյալի բուժումը շարունակվում է, սակայն նրա առողջական վիճակն այնպիսին չէր, որ չկարողանար մասնակցել դատավարությանը, պարզապես պատշաճ ուղեկցում չի ապահովվել նրա համար։

Պաշտպանները չառարկեցին, որ նիստը շարունակվի Տիգրան Գալստյանի բացակայությամբ, իսկ Արամ Վարդևանյանը ընդգծեց, որ միջնորդության քննությունը անհետաձգելի է։ Հանրային մեղադրողները համաձայնեցին, որ միջնորդությունը քննվի դռնփակ, ինչից հետո դահլիճից դուրս են եկել լրագրողներն ու քաղաքացիները։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկությամբ՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական գործողություններ և իշխանությունը զավթելուն ուղղված քայլեր։ Իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում՝ Բագրատ սրբազանին։