
Գլխավոր դատախազությունը ստացել է Ռոմանոս Պետրոսյանի հաղորդումը ՀԷՑ-ում թերգրանցումների վերաբերյալ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ ՀԷՑ-ի «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի էլեկտրական ցանցում հայտնաբերվել է ավելի քան 817 հազար կՎտ/ժամ արևային կայանների մատակարարած, բայց չգրանցված էլեկտրաէներգիա։
Նրա խոսքով՝ թերգրանցումների փաստերը առնչվում են շուրջ 769 սպառողի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնց ՀԷՑ-ն արդեն իսկ ս/թ. մայիսի 1-ի դրությամբ վճարել է բաշխիչ ցանց հետ մղած էլեկտրաէներգիայի դրական փոխհոսքերի մնացորդը` որպես հատուցում տարեկան նվազագույն մոտ 13,17 ՀՀ դրամ գնով։ Սակայն այս պարագայում, քանի որ գործնականում հնարավոր չէ պարզել, թե թերգրանցված քանակներն ինչ ժամանակամիջոցում են արտադրվել և հետ մղվել բաշխիչ ցանց (մինչև մայիսի 1-ը, թե՞ դրանից հետո), ուստի ձևավորված 817,181 կՎտ.ժամ կուտակումը հետագայում վերոնշյալ սպառողների կողմից մարելու դեպքում ՀԷՑ-ն անխուսափելիորեն կրելու է առանձնապես խոշոր չափերի վնասներ:
Պետրոսյանը այս հարցով դիմել է իրավապահ մարմիններին։ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ հաղորդումը ստացվել է և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։
ՀԷՑ-ում այժմ պարզում են, թե ինչպես է առաջացել ավելի քան 817 հազար կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի թերգրանցումը և ովքեր են պատասխանատու դրա համար։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին հայտնի դարձել, որ ՀԷՑ ՓԲ ընկերության «Գեղամա» մասնաճյուղի՝ «Մարտունի» էլցանցի, «Արաքս» մասնաճյուղի՝ «Արարատ», «Մասիս», «Արտաշատ» էլցանցերի, «Ղարս» մասնաճյուղի՝ «Գյումրի», «Արթիկ» և «Անի» էլցանցերի սպասարկման տարածքներում արձանագրվել են ընդհանուր 84.297 կՎտ.ժ հավելագրումներ և 11.160 կՎտ.ժ արևային արտադրանքի թերգրանցումներ կատարելու դեպքեր: