
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է երկու ամսով։ Որոշման մասին տեղեկությունը հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Ըստ Երիցյանի՝ դատավորը ընդամենը մեկ ժամով հեռանալուց հետո վերադարձել է միջնորդությունը բավարարելու, երկամսյա կալանք նշանակելու և Կոչուբաևի տեսակցությունները արգելելու որոշմամբ։
Դատավորի որոշմամբ՝ մեղադրյալ Ալեքսանդր Սերգեյի Կոչուբաևի նկատմամբ կիրառվել է կալանք՝ 2 ամսով, միաժամանակ սահմանափակվել է նրա՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը՝ բացառությամբ պաշտպանների և մերձավոր ազգականների։ Որոշումը կարող է բողոքարկվել հատուկ վերանայման կարգով՝ տասնօրյա ժամկետում։
Հիշեցնենք՝ Կոչուբաևը բերման էր ենթարկվել հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ Amnews-ի տեղեկությունների՝ բերման ենթարկման պատճառը եղել է փաստաբանի՝ նույն օրը «Ֆեյսբուքում» արված կոշտ գրառումն է, որտեղ նա քննադատում էր դատական մարմիններին։
Քննչական կոմիտեն ավելի ուշ տեղեկացրել էր, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի կամ քննիչի մասին արատավորող տեղեկություն հրապարակելու համար, եթե այն կապված է տվյալ անձանց օրինական ծառայողական գործունեության հետ։