ՀայաստանՍնունդ

Կասեցվել է «Զավիկի ղարսի» ևս երկու մասնաճյուղի գործունեությունը սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները ստուգում են իրականացրել «Լևոն 888» և «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ներին պատկանող («Զավիկի ղարս») հանրային սննդի կետերում։ Ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնց պատճառով ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև բոլոր խախտումների վերացումը։

«Լևոն 888» ՍՊԸ-ի մասնաճյուղում խախտվել են լվացարանների բավարար քանակի, պատերի նորոգ վիճակի և սննդամթերքի հետ շփվող մակերևույթների մաքրության պահանջները։

«Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ի մասնաճյուղում բացակայել են պատերի հարթ մակերեսը, խողովակների և հոսանքալարերի պատշաճ ծածկումը, հատակը չի եղել նորոգ վիճակում։

Նշվում է, որ տնտեսավարողը նախկինում հրաժարվել է կատարել ՍԱՏՄ-ի որոշման պահանջը և սոցիալական ցանցերում հրապարակել ապակողմնորոշող տեղեկություններ՝ ՍԱՏՄ պաշտոնական հաղորդագրությունը անվանելով «կեղծ»։ Հիշեցնենք, որ «Զավիկի ղարսի» Սարյան փողոցի մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցված է եղել մանրէաբանական անհամապատասխանությունների պատճառով։