
Երևանում շաբաթական 400 կոյուղատարի վթար կա, որոնք «տեր չունեն». Ավինյանը խոսեց հրատապ միջոցների մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձավ կոյուղատար համակարգի անընդհատ կրկնվող վթարներին՝ ընդգծելով, որ իրենք այդ դեպքում ուղիղ պատասխանատվություն չեն կրում, սակայն քաղաքացիների ակնկալիքները քաղաքապետարանից մեծ են։
Մենք հաջորդ տարվա համար մոտ 300 մլն դրամ դրել ենք հրատապ կոմունալ բյուջե, որը պետք է հնարավորություն տա լուծել հրատապություն պահանջող խնդիրները, բայց կարևոր է նաև հասկանալ իրավական ձևակերպումը, որովհետև պարբերաբար գումարներ ենք ծախսում այս ուղղությամբ,- նշեց Ավինյանը։
Նա ընդգծեց, որ կոյուղատար համակարգում շաբաթական մոտ 400 վթար է լինում, որոնք «տեր չունեն», և Երևանի քաղաքապետարանը պարտավորություն է ստանձնում սպասարկել դրանք: Ավինյանը հավելեց, որ անհրաժեշտ է խնդիրը քննարկել նաև Կառավարության գործընկերների, «Վեոլիա Ջուր» ընկերության և Ջրային կոմիտեի հետ՝ պարզելու, թե ով է խնդրի իրական տերը։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը շեշտեց գույքագրում իրականացնելու անհրաժեշտությունը, ինչին Ավինյանը պատասխանեց. «Լա՛վ, երեք տարի է՝ գույքագրում ենք։ Իմպերատիվ որոշել եմ՝ 300 մլն դրամ պետք է հաջորդ տարի հատկացնենք՝ անկախ գույքագրումից կամ իրավական ձևակերպումից. մարդիկ մեզանից ակնկալիքներ ունեն»։
2025 թվականին նախատեսվում էր 575.5 մլն դրամ հատկացնել Երևանում 22 կոյուղատար համակարգ վերակառուցելու նպատակով։
Հարկ է նշել, որ 2024 թվականին կոյուղատար ու հեղեղատար համակարգերի անցկացման համար համայնքային բյուջեից հատկացվել է 1 մլրդ 700 մլն դրամ։ 2024 թվականին նախատեսվում էր 27 հասցեներում կոյուղատար համակարգերը վերանորոգել։ Օգոստոսին հայտնի էր դարձել, որ 18-ում աշխատանքները արդեն կատարվել են։ Մյուս 9-ի վերաբերյալ տեղեկություններ չկային։