ՀայաստանՊատահար

Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆիշինգային նամակների և չլիցենզավորված կազմակերպությունների աճի մասին

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ վերջին օրերին Կենտրոնական բանկի անունից քաղաքացիներին և կազմակերպություններին ուղարկվում են կեղծ, վիրուսային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ Tickets@tkt.am էլեկտրոնային հասցեից՝ կցված PDF ֆայլերով։

ԿԲ-ն հորդորում է չբացել նման նամակների կցված ֆայլերը, չսեղմել հղումներին և անմիջապես ջնջել դրանք՝ նշելով, որ ինքը որևէ առնչություն չունի նման նամակների հետ և երբևէ չի տարածում փաստաթղթեր նման եղանակով։

Միաժամանակ, Կենտրոնական բանկը զգուշացնում է նաև «bank24.am» անվանումով հանդես եկող ընկերության գործունեության մասին։ Ըստ ԿԲ-ի՝ այդ ընկերությունը սոցիալական հարթակներում և իր կայքում վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկ է անում՝ առանց Կենտրոնական բանկի լիցենզիայի։

ԿԲ-ն շեշտում է, որ նշված ընկերությունը գործում է վերահսկողության շրջանակից դուրս և քաղաքացիներին հորդորում է զգոն լինել՝ օգտվելով միայն ԿԲ-ի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից։

Մեկ օրվա ընթացքում արդեն 2 նման հայտարարություն է տարածվել Կենտրոնական բանկի կողմից, ինչը կարող է նշանակել, որ զեղծարարությունները կրկին ակտիվացել են։ Դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է չմտնել կասկածելի կայքեր, չսեղմել տարօրինակ հղումների մասին, չմուտքագրել անձնական տվյալներ և ցանկացած դեպքում ինֆորմացիան ճշտել պետական գերատեսչություններից։