ՀայաստանՏեխնոլոգիա

Քաղաքացիներին խաբում են պետական մարմինների անունից՝ սպառնալով «ադրբեջանական բանտով»․ մեդիափորձագետը արձագանքում է

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ վերջին շրջանում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացվում են լավ կազմակերպված թիրախային խարդախություններ։ Դրանց ընթացքում հարձակվողները փորձում են զոհերից գումար հափշտակել՝ օգտագործելով վախեցնող պատմություններ և իրենց համար վստահելի մարդկանց անուններ։

Մարտիրոսյանի խոսքով՝ խարդախների սցենարը սկսվում է WhatsApp կամ Viber հարթակներում։ Նրանք կապ են հաստատում կեղծ հաշվով՝ կրկնօրինակելով զոհին ծանոթ և վստահելի անձի։ Զրույցի ընթացքում ներկայացնում են, թե իբր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել է լուրջ խնդիր, սակայն այդ ծանոթը «բարեխոսել է», և պարզապես պետք է համագործակցել հատուկ ծառայությունների հետ։

Այնուհետև զանգում է ևս մեկ անձ՝ իրեն ներկայացնելով որպես ԱԱԾ աշխատակից։ Նա սովորաբար խոսում է ռուսերեն և հայտարարում, թե Ադրբեջանից մեծ գումարներ են փոխանցվել տվյալ քաղաքացու հաշվին, և սկսվել է հետաքննություն։ Երբ զոհը հարցնում է, թե ինչու է զրուցակիցը ռուսերեն խոսում, վերջինս բացատրում է, որ «սա համատեղ գործողություն է Ադրբեջանի հետ, և նյութերը պետք է ներկայացվեն այնտեղի դատարան»։

Խարդախները հետո «խառնում են» նաև Կենտրոնական բանկի անունը՝ ասելով, թե պետք է բանկից կանխիկացնել գումարը և ուղարկել «նոր, մաքուր հաշվի», որպեսզի այն չխառնվի «կասկածելի փոխանցումների» հետ։

Մարտիրոսյանը նշում է, որ այսպիսի դեպքերում հիմնականում թիրախավորվում են քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչները, սակայն վտանգը կարող է տարածվել շատ ավելի լայն շրջանակի վրա։ Նրա խոսքով՝ հարձակվողները մանրամասն ուսումնասիրում են մարդկանց սոցիալական կապերն ու վարքը՝ վստահություն ձեռք բերելու համար։

Մեզ հետ զրույցում այս խարդախությունից տուժած քաղաքացին պատմել է, որ իրեն նույնիսկ ուղարկել են կեղծ «աշխատակցի վկայական»՝ վստահություն ձեռք բերելու նպատակով։

Սամվել Մարտիրոսյանը կոչ է անում քաղաքացիներին չվստահել նման հաղորդագրություններին կամ զանգերին, չտրամադրել անձնական տվյալներ և չկատարել որևէ ֆինանսական գործողություն՝ առանց պաշտոնապես ստուգելու տեղեկությունը։ Նա հիշեցնում է, որ պետական կառույցները երբեք նման ձևով չեն դիմում քաղաքացիներին և չեն պահանջում դրամական փոխանցումներ կամ բանկային գործողություններ։