ՀայաստանՔաղաքականություն

Գյումրեցիները մեկնում են Երևան՝ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի

Գյումրեցիները շարժվում են Երևան՝ իրենց աջակցությունն հայտնելու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որին քիչ առաջ իրավապահները տեղափոխել են քննչական մարմին։

Քաղաքապետարանի մոտ ժամեր շարունակ լարված իրավիճակ էր։ Մի քանի անգամ հրմշտոց և ծեծկռտուք տեղի ունեցավ ոստիկանների և հավաքված քաղաքացիների միջև։ Ոստիկանները կիրառել են նաև բիրտ ուժ, կան բերման ենթարկվածներ։

Լրագրողների հետ զրույցում փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պնդեց, որ ոստիկանությունը կիրառել է ոչ թե բիրտ, այլ համարժեք ուժ՝ իրավիճակը վերահսկելու նպատակով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ ստացել է ահազանգեր, թե Գյումրիի որոշ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին ժամանակից շուտ տուն են ուղարկել՝ ծնողներին կամ անձնակազմին հանրահավաքին մասնակցելու կոչ անելով։

ԿԳՄՍ–ը շեշտում է, որ նշված գործողությունները խախտում են երեխաների կրթության իրավունքը, ինչպես նաև կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջները, որոնք արգելում են կուսակցական, քաղաքական և կրոնական քարոզչությունը և քաղաքական միջոցառումների անցկացման փորձերը ուսումնական հաստատություններում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժայինները առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան՝ համայնքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու նպատակով։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 8 անձ ձերբակալվել է՝ խոշոր չափերով կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ղուկասյանն ինքն էլ շենքից դուրս գալուց հետո մոտեցել է իրավապահների ավտոմեքենային։