
Գյումրիի համայնքապետարանի մոտ ևս 23 անձ է ձերբակալվել
2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրիի համայնքապետարանի վարչական շենքում անցկացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով մի խումբ անձինք հավաքվել և միջամտել են գործի քննությանը։ Այդ ընթացքում արձանագրվել են զանգվածային անկարգություններ, գույքի վնասում և բռնություն ոստիկանների նկատմամբ։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Ոստիկանությունից Amnews-ին հայտնեցին, որ դեպքի ժամանակ 23 մարդ ձերբակալվել է և տեղափոխվել համայնքային ոստիկանություն։
ՀՀ քննչական կոմիտեի՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) հատկանիշներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։