ՀայաստանՍնունդ

Կասեցվել է «Իգիթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Երևանի Կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Շիրակի մարզի Ազատան գյուղում գտնվող «Իգիթ» ՍՊԸ-ի արտադրամասում: Ստուգման ընթացքում կատարվել է ապրանքատեսակների նմուշառում և դրանք հանձնել լաբորատոր հետազոտության:

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Կարագ սերուցքային 82.5%» (արտադրված 30․09․2025) նմուշները մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ և աղիքային ցուպիկի խմբի մանրէներրի ցուցանիշներով չեն համապատասխանում պահանջներին:

Համապատասխանության խախտումներ են հայտնաբերվել նաև «Պանիր Լոռի» (արտադրված 30․09․2025), «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված Չանախ պանրի տեխնոլոգիայով» (արտադրված 30․09․2025) և «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված պանրի տեխնոլոգիայով (Շիրակ)» արտադրատեսակների նմուշներում։ Այս դեպքում էլ արտադրատեսակը ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության կանոնակարգերով սահմանված պահանջներին:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի որոշ արտադրական գործունեություն կասեցվել է:

Արտադրողին տրվել են կարգադրագրեր՝ խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու, ինչպես նաև ապահովելու արտադրանքների համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Սպառողների համար սա կարևոր է, քանի որ աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել սննդային թունավորում կամ աղիքային վարակի բռնկումներ, եթե ոչ համապատասխան ապրանքները հայտնվեն շուկայում: