
Բեռնատարների վարորդները փակել են Բավրայի ու Բագրատաշենի անցակետերը
Բեռնատարների վարորդները փակել են Բավրայի ու Բագրատաշենի անցակետերը։ Վարորդներից մեկը Amnews-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հավաքվել են Բագրատաշենի անցակետում՝ Նոյեմբերյան-Այրում խաչմերուկում։
Փորձում ենք բարձրաձայնել մեր խնդիրների մասին, որի մասով ՀՀ կառավարությունը այդպես էլ արձագանք չտվեց։ Մեր հայ վարորդների դեպորտների հարցը այդպես էլ չլուծվեց։ Ամեն օր աճում է Ռուսաստանում տուգանված և 3-5 տարով մուտքի արգելք ստացած հայ վարորդների թիվը։ Նրանց խոսքով՝ ՌԴ սահմանած 90 օրը բավարար չէ, քանի որ դրա մեծ մասն անցնում է Վերին Լարսում՝ հերթերում կանգնած։ Ոչ մի արդյունք չկա։ Եթե մինչև առավոտ մեր հարցը լուծում չստացավ, մենք փակելու ենք Բագրատաշեն տանող անցակետը։
Ոստիկանները այժմ տեղում են աշխատում։ Նրանք փորձում են բացել ճանապարհը։
Ավելի վաղ բեռնատարի վարորդները հայտարարել էին, որ իրենք իրենց մեքենաներով կաթվածահար են անելու երթևեկությունը, ընդգծելով, որ «եթե Ռուսաստանը տարվա մեջ միայն 90 օր է թույլ տալիս իրենց գտնվել այնտեղ, ապա իրենք էլ թույլ չենք տա, որ օտարերկրյա համարներով որևէ բեռնատար Հայաստան մտնի»։
Այսօր ավելի վաղ վարորդները բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության և ՌԴ դեսպանատան առջև՝ պահանջելով, որ կառավարությունը արագացնի բանակցությունները Ռուսաստանի հետ։
Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած միգրացիոն փոփոխություններով ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները մեկ տարվա ընթացքում կարող են այնտեղ մնալ ոչ թե 180, այլ 90 օր։
Կառավարության առջև հավաքված վարորդներից կազմված 7 հոգանոց խումբը ընդունվել է գործադիրի ներկայացուցիչների կողմից։
Սպասում էինք, որ մեզ կընդունի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բայց հանդիպեցինք միայն վարչության ներկայացուցչի հետ, ով ասաց՝ հարցով զբաղվում են։ Սակայն մենք պատասխան չստացանք, — հայտնել են վարորդները։
Վարորդները նախազգուշացրել էին, որ եթե մինչև ժամը 17:00-ն հստակ պատասխան չստանան, կդիմեն ծայրահեղ քայլերի։