
Մանվել Գրիգորյանի ժառանգներից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք և միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցադիմումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Դատարանի որոշմամբ՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավոր նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք և դրամական միջոցներ։
Գույքի ցանկը բավականին մեծ է․ այն ներառում է մի շարք բնակելի տներ, հողատարածքներ և կիսակառույց շինություններ Արմավիրի և Վաղարշապատի համայնքներում, Կոտայքի մարզում ինչպես նաև MAYBACH, Toyota LC 200 և մի քանի GAZ ու Moskvich մակնիշների ավտոմեքենաներ։ Բացի անշարժ և շարժական գույքից, բռնագանձվել են նաև մի քանի ընկերություններում մասնաբաժիններ, բանկային ավանդներ և մոտ 15 միլիոն դրամի չափով ապօրինի դրամական միջոցներ։
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ հայցադիմումի մերժված մասով պատրաստվում է ներկայացնել վերաքննիչ բողոք։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2018 թվականին ձերբակալվել էր խոշոր չափերի յուրացումների, ապօրինի զենք–զինամթերք պահելու և հարկերից խուսափելու մեղադրանքով, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:2020 թվականի հունվարին նա ազատ էր արձակվել առողջական խնդիրների պատճառով, իսկ նույն տարվա նոյեմբերին մահացել էր։