
Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները
Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին դեռևս 1990-ական թվականներից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ: Հայկական կողմը այս հայտարարության մասով դեռ պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել:
Ալիևի խոսքով՝ առաջին նման տարանցիկ բեռը կլինի ղազախական հացահատիկը, որը կհասնի Հայաստան։ Նախագահը նաև շեշտել է, որ սա կարևոր նշան է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլևս ոչ միայն թղթի վրա է, այլև գործնականում:
Այսօր սկսվում է նոր փուլ, ես նույնիսկ կասեի՝ նոր դարաշրջան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ժամանակաշրջան։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, վերջին ռազմական բախումներից երկու տարուց էլ պակաս ժամանակ անց, վկայում է, որ երկու երկրներն էլ ցուցաբերել են քաղաքական կամքի բավականին բարձր մակարդակ,- նշել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Ղազախստանի նախագահը, իր հերթին, ընդգծել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները նոր հորիզոններ են բացում տարածաշրջանային համագործակցության և առևտրի համար: