
Մերձավանի սպանության գործով կասկածյալի ԴՆԹ-ն համընկել է դեպքի վայրից վերցված նմուշների հետ
Քննչական կոմիտեն հայտնել է, որ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում տեղի ունեցած սպանության գործով կասկածվող Գևորգ Հարությունյանի և դեպքի վայրից վերցված մի շարք իրեղեն ապացույցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են։
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի խոսքով՝ «նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացություն, համաձայն որի՝ խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի՝ հեռադիտակի մակերեսից, ուսակապիչից և կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ․Հ․-ին բնորոշ գենետիկական բնութագրին»։
Գևորգ Հարությունյանի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել սեպտեմբերի 28-ին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում՝ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան մոտ, դիմակավորված անձը կրակահերթ է արձակել երեք անձանց ուղղությամբ։ Դեպքի հետևանքով զոհվել են Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Վիրավորվել է ևս մեկ քաղաքացի՝ Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26-ին ձերբակալվել էր նաև Նարեկ Օհանյանը՝ Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին և այս տարվա փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։
Քրեական վարույթը շարունակվում է։