
Փաշինյանը հայտարարեց եկեղեցիները պետությանը «վերադարձնելու» մտադրության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է վերանայել այն վանքերի և եկեղեցիների կարգավիճակը, որոնք անհատույց օգտագործման են տրվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն։
Փաշինյանի խոսքով՝ եթե պարզվի, որ այդ տարածքներում «հոգևոր կյանք չկա, այլ գործում են խարդավանքներ և ֆեյք երեցների խմբեր», ապա կառավարությունը պատրաստ է եկեղեցիները վերադարձնել հանրությանը։
Կան բոլոր բարոյական և իրավական հիմքերը, որ մենք այդ հուշարձանները վերադարձնենք հանրությանը և Տեր Արամին ու նրա նման քահանաներին աջակցենք իրական հոգևոր կյանքի վերականգնման գործում,– նշեց վարչապետը։
Նա նաև անդրադարձավ Հովհաննավանքում Արամ քահանա Ասատրյանի (ներկայում՝ Ստեփան Ասատրյան) մատուցած պատարագին իր մասնակցությանը ՝ հայտարարելով, թե այնտեղ «հոգևոր կյանք է գտել»։
Փաշինյանը կրկին կոշտ արտահայտվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին՝ ասելով, որ «կարգալույծը չի կարող կարգալույծ անել»։
Նա ո՞նց կարող է մարդ կարգալույծ անել, ինքը կարգալույծ է։ Ես՝ որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, էս ամբիոնից հայտարարում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է։ Ինքը հոգևոր դասի մեջ չէ, ընդամենը մարդ է, որը բռնազավթել է Մայր աթոռը մի խումբ իր նման կարգալույծ խմբակի հետ։
Միաժամանակ Փաշինյանը շեշտեց, որ կառավարությունն եկեղեցու հետ հակամարտություն չունի։ Նրա խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին մնում է սրբություն, իսկ ինքը կիրակի օրը պատրաստվում է կրկին այցելել Հովհաննավանք և ստանալ հաղորդություն։