ԺամանցՀայաստան

Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր

ՀՀ կառավարությունը հաստատել է որոշում, ըստ որի՝ հունվարի 27-ը կդառնա «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր» և կհռչակվի ոչ աշխատանքային օր: Այս փոփոխությունը ներառվելու է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում:

Նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ մինչ այժմ չկա հատուկ օր՝ նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելու համար։ Հիմնականում հիշատակը զուգորդվում է տարբեր ռազմական իրադարձությունների հիշատակման հետ կամ հունվարի 28–ին՝ Բանակի օրը, որը հիմնականում տոնական բնույթ է կրում։

Նախագիծը կառավարության հաստատումից հետո կներկայացվի Ազգային ժողով՝ քննարկման։ Այն ԱԺ–ում շրջանառության մեջ է դրվել այս տարվա սեպտեմբերի 26–ին։

Հիշեցնենք՝ ընտրված ամսաթիվը չի համապատասխանում ոչ մեկ առանձին պատերազմի օրերին. 2016 թվականի քառօրյա պատերազմը սկսվել է ապրիլի 2–ին, 2020 թվականի 44-օրյան՝ սեպտեմբերի 27–ին, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է իրականացրել Արցախի վրա։

Նշենք, որ 2024-ի հոկտեմբերի 17–ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը առաջարկել էր սեպտեմբերի 27–ը սահմանել որպես հիշատակի օր, սակայն կառավարությունը մերժել էր այն՝ հիմնավորելով, որ հունվարի 28–ին նշվող Բանակի օրը արդեն ընդգրկում է բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանությունում կյանքը զոհած անձանց հիշատակը։