Գյումրու քաղաքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է․ հայտնի է, թե ովքեր են նրանք
Հոկտեմբերի 23-ին ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը և առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյումրու համայնքապետարանի երեք աշխատակից է ձերբակալվել։ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվող նախաքննության տվյալներով՝ համայնքապետարանի պաշտոնատար անձինք ցուցում են տվել մի շարք աշխատակիցների, որպեսզի նրանք հրահանգավորեն մանկապարտեզների տնօրեններին սաներին տուն ուղարկել և անձնակազմով մեկնել համայնքապետարան՝ թույլ չտալու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Հենց այդ օրը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ ստացել է ահազանգեր, թե Գյումրիի որոշ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին ժամանակից շուտ տուն են ուղարկել՝ ծնողներին կամ անձնակազմին հանրահավաքին մասնակցելու կոչ անելով։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժել էին Գյումրու քաղաքապետարան՝ համայնքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու նպատակով։ Դեպքի ընթացքում տեղի էր ունեցել քաշքշուկ համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների և համայնքապետի կողմնակիցների միջև, ինչից հետո սկսվել էին ձերբակալությունները։
Հոկտեմբերի 21-ին Վարդան Ղուկասյանը կալանավորվեց երկու ամսով։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գյումրու համայնքապետարանի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվել է 37 անձ, որոնցից 29-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ 13-ի նկատմամբ կիրառվել է կալանք։
