ՀայաստանՊատահար

Տավուշում ավտովթարի հետևանքով 11 մարդ է տուժել․ ի՞նչ է հայտնի նրանց վիճակի մասին

Հոկտեմբերի 24-ին Տավուշ-Բերդ ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 11 մարդ է տուժել: Նրանք տեղափոխվել են Տավուշի մարզային բժշկական կենտրոն, որտեղ ստացել են անհրաժեշտ բուժօգնություն:

Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ տուժածներից 10-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկի վիճակը ծանր է:

Վթարի պատճառը Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի և Hyundai մակնիշի ավտոբուսի բախումն է եղել: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 400 մետր սահել դեպի հարակից ձորակը: Փրկարարները, քաղաքացիների օգնությամբ, տուժածներին դուրս են բերել ավտոբուսից և տեղափոխել հիվանդանոց:

Քննչական բաժնում սկսել են քրեական վարույթ՝ պարզելու վթարի հանգամանքները, ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը: