ԻրավականԿրոնՀայաստան

Արագածոտնի թեմի հոգևորականները հրաժարվում են Կիրակնօրյա հարցաքննությունից

Արագածոտնի թեմի հոգևորականները հրաժարվել են ներկայանալ Քննչական կոմիտեի կողմից կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, նշանակված հարցաքննությանը, քանի որ պարտավոր են մատուցել Սուրբ Պատարագ և նշում են, որ ուշացած ծանուցումը խախտում է օրենքը։

Արագածոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Քննչական կոմիտեի կողմից՝ կիրակի օրը հարցաքննության հրավիրելու ծանուցագրերին։

Թեմի հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 24-ին՝ տարբեր ժամերի, այդ թվում՝ ուշ երեկոյան և գիշերային, հոգևորականները Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանի կողմից ստացել են ծանուցագրեր, որոնցով նրանք հրավիրվում էին 2025 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 09:00-ին՝ հարցաքննության։

«Մեր բացակայությունը կնշանակի հավատացյալներին թողնել առանց Սուրբ Հաղորդության, ինչը խախտում է մեր հոգևոր պարտականությունները», — նշված է հայտարարության մեջ։

Քահանաներն ընդգծել են, որ որպես վկա պատրաստ են ներկայանալ միայն փաստաբանների մասնակցությամբ։ Սակայն կիրակի օրը փաստաբանների ներկայությունը հնարավոր չի լինի ապահովել։ Բացի այդ, հոգևորականներից մի քանիսին ներկայացնում է նույն փաստաբանը, ինչը նույնպես խոչընդոտում է միաժամանակյա հարցաքննությանը մասնակցելը։

Հայտարարության մեջ հիշեցվում է, որ օրենքով սահմանված կարգի համաձայն՝ ծանուցագրերը պետք է ուղարկվեին նախապես՝ հարցաքննությունից առնվազն երկու օր առաջ։ Հոգևորականները կոչ են արել քննչական մարմնին հարցաքննության հրավիրել այլ օր՝ նախապես ծանուցելով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով