Հայտնի է, թե որքան ոսկի կհանվի Ամուլսարի հանքավայրից
2026 թվականին Հայաստանի հանքարդյունաբերությունում սպասվում է զգալի աճ, և այս գործընթացում կարևոր դեր է ունենալու Ամուլսարի հանքավայրը: Հաշվարկվում է, որ արդեն հաջորդ տարի այստեղ կարտադրվի 4 տոննա ոսկի։ Վերջնական արտադրանքը լինելու է ոսկու և արծաթի համաձուլվածք: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ամուլսարում ավելի քան 70 տոննա ոսկի և 290 տոննա արծաթ կա։
Ամուլսարի ծրագրի շրջանակում նախատեսվում է ներդնել 750 միլիոն ԱՄՆ դոլար, որոնցից 250 միլիոնը կծախսվի շինարարությունն ավարտելու և հանքի շահագործումն սկսելու համար: Հանքավայրը ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ն՝ միջազգային «Lydian International»-ի դուստր ընկերությունը:
2019 թվականին «Լիդիան Արմենիան» հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։ ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։
Նշենք նաև, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։
