2026-ի բյուջեում կվերնայվի մի շարք նախարարությունների ֆինանսավորումը
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ պետական ֆինանսավորման բաշխման մեջ նախատեսվում են որոշակի կրճատումներ։ Մասնավորապես, 2026 թվականին Էկոնոմիկայի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 74 մլրդ 514 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ պակաս է 5 միլիարդով: Նախարարը պարզաբանել է, որ որոշ ոլորտներում իրականացված փոփոխությունները կապված են ծրագրերի պահանջարկի և ստանձնած պարտավորությունների հետ:
Հաջորդ տարի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար նախատեսվում է 37 մլրդ 352 մլն դրամ, որը 10 մլրդ 157 մլն դրամով պակաս է 2025 թվականի հաստատված բյուջեից: Միջոցները կուղղվեն ԲՏԱ էկոհամակարգի և շուկայի զարգացմանը, ռազմարդյունաբերության ծրագրերի զարգացումներին, հեռահաղորդակցության և թվային փոխակերպման իրականացմանը:
Միաժամանակ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն կկազմի 325 մլրդ 95 մլն դրամ, որը 36 մլրդ դրամով կամ 12%-ով ավելին է նախորդ տարվա համեմատ: Ավելացումները պայմանավորված են ենթակառուցվածքային մի շարք ծրագրերով, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածում ընթացող շինարարական աշխատանքներով:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026 թվականին կկազմեն 3 տրիլիոն 628 մլրդ դրամ:
