Պապոյան․ «Հայաստանը պետք է փոխի իր տնտեսական մտածողությունը խաղաղության նոր փուլում»
ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ խաղաղության հաստատումը բերում է նոր մոտեցումների անհրաժեշտություն՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է ձեւավորի խաղաղության միջավայրին համապատասխան տնտեսություն Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, թե արդյոք կառավարությունը պատրաստ է փոխել իր աշխատանքը՝ հարմարվելով խաղաղության ժամանակաշրջանին։
Պապոյանը պատասխանեց, որ հիմա Հայաստանը նոր փուլում է, և պետք է սովորի ապրել խաղաղ միջավայրում։
Մենք նախկինում միշտ ապրել ենք պատերազմական կամ լարված իրավիճակում։ Հիմա խաղաղություն է, ու դա նշանակում է՝ պետք է նոր մտածելակերպ ունենանք,– ասաց նա։
Նախարարի խոսքով՝ նախկինում շատ ընկերություններ չէին ուզում ներդրումներ անել Հայաստանում, քանի որ վախենում էին անապահով վիճակից։
Հիմա իրավիճակը փոխվել է։ Արդեն բանակցություններ ենք ունենում մի քանի համաշխարհային բրենդների հետ, և նրանցից մեկը շուտով կգա Հայաստան։ Նպատակ ունենք նոր ներդրումներ բերել, հատկապես եվրոպական ու ամերիկյան շուկաներից,– նշեց Պապոյանը։
Նա նաև ասաց, որ կառավարությունը հիմա ուսումնասիրում է՝ հայ-թուրքական սահմանի բացումը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։
Փորձում ենք հասկանալ՝ ինչ ապրանքներ կարող ենք ներմուծել կամ արտահանել։ Սա էլ մի բան է, որ պետք է սովորենք ճիշտ անել,– հավելեց նախարարը։
