ԱՄՆ-ը կստեղծի առաջին աշխատանքային խմբերը Հայաստանի և Ադրբեջանի հետ
ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև տարեվերջ ստեղծել առաջին աշխատանքային խմբերը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ խորացնելու համագործակցությունը խաղաղ գործընթացի շրջանակում։
Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, Վաշինգտոնը հանձնառու է իրականացնել օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հռչակագրերն ու փոխըմբռնման հուշագրերը։
Աշխատանքային խմբերը կստեղծվեն մինչև տարվա վերջ՝ ապահովելու համար պայմանավորվածությունների իրականացումը և նոր ծրագրերի մեկնարկը,– նշված է հայտարարության մեջ։
Պետդեպը նաև ողջունել է երկու երկրների միջև ընթացող երկխոսությունն ու վերջին գործնական քայլերը։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են սահմանների սահմանազատման, ականազերծման և ենթակառուցվածքային ծրագրերի թեմաները, այդ թվում՝ TRIPP նախաձեռնությունը։
Մենք նաև ողջունում ենք Ադրբեջանի որոշումը՝ թույլ տալ բեռների տարանցումը դեպի Հայաստան, ինչպես նաև Երևանում տեղի ունեցած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը։ Այս համագործակցությունը կարող է հիմք դառնալ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար,– ընդգծել են Պետդեպարտամենտում։
Խմբագրական
