Հայաստանը և Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ընդամենը ժամանակի հարց են։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Փարիզում անցկացվող Խաղաղության 8-րդ ֆորումի ընթացքում «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ։
Վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև այժմ ձևավորվել է դրական երկխոսություն, և լուրջ խոչընդոտներ չեն մնացել հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին։
Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա։ Բայց թե որքան արագ՝ այլ հարց է։ Մենք մոտենում ենք այն հանգրվանին, երբ կունենանք բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ և նորմալ հարևանություն,– ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ վստահ է՝ այդ գործընթացը շարունակական է և ունի դրական դինամիկա, թեև հստակ ժամկետներ նշել դեռ հնարավոր չէ։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից՝ Թուրքիայի նախաձեռնությամբ։ 2021 թվականին կողմերը հայտարարեցին հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին և հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին՝ Թուրքիայից՝ Սերդար Քըլըչ, Հայաստանից՝ Ռուբեն Ռուբինյան։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանել էր Հայաստան, որտեղ կողմերը վերահաստատել էին սահմանահատումների շուրջ ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելու պատրաստակամությունը։ Ռուբինյանն ու Քըլըչը քննարկել էին նաև օդային հաղորդակցության ընդլայնումը. համաձայնություն է ձեռք բերվել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի 2026 թվականի ամռանից կողմերը կարողանան ավելացնել թռիչքների թիվը և նոր ուղիներ բացել:
