Հայաստանը նոր վարկ կստանա արցախահայերի բնակարանային ծրագրի համար
Հայաստանն Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) կստանա 250 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, որը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման պետական ծրագրի շարունակման համար։
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։
Ըստ ծրագրի՝ վարկը տրամադրվելու է 27 տարի ժամկետով, որոնցից 10 տարին արտոնյալ է։ Մայր գումարը կմարվի 34 հավասար կիսամյակային վճարումներով՝ 2035թ․ դեկտեմբերից մինչև 2052թ․ հունիսը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Արցախից տեղահանված շուրջ 3100 ընտանիք արդեն ստացել է բնակարանի գնման վկայագիր, որոնցից 1140-ն իրացրել է այն։ Ծրագրի շրջանակում պետական բյուջեից արդեն հատկացվել է ավելի քան 2 միլիարդ դրամ։
Կառավարությունը նշում է, որ վարկային համաձայնագրի ստորագրումը թույլ կտա շարունակել բնակարանային ապահովման պետական աջակցությունը և ապահովել տեղահանված ընտանիքների կայուն բնակության պայմանները Հայաստանում։
ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել, որոնցից 9346-ը ստացել է Հայաստանի քաղաքացիություն։
