ՀայաստանՍոցիալական

«Հարավկովկասյան երկաթուղին» 15 ժամում փոխարինել է Արմավիրի մոտակայքում գտնվող կամուրջը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ընդամենը 15 ժամում ավարտել է Արմավիր քաղաքի մոտակայքում գտնվող կամրջային կառույցի փոխարինման աշխատանքները։ Ինչպես հայտնում են ընկերությունից, ամբողջությամբ ապամոնտաժվել և վերականգնվել է ոչ միայն ավելի քան մեկ դար ծառայած կամուրջը, այլև գիծը, կոնտակտային ցանցը և մի շարք հաղորդակցական համակարգեր։

Չնայած աշխատանքների արագ ընթացքին՝ չեղարկվել են չորս քաղաքամերձ էլեկտրագնացքներ: ՀԿԵ-ի ներդրումային ծրագրով 2026 թվականին նախատեսվում է վերակառուցել ևս երեք նմանատիպ ինժեներական կառույց, այդ թվում՝ մեկ մետաղյա կամուրջ։

Ընկերության տվյալներով՝ 2025 թվականին ենթակառուցվածքների պահպանման և զարգացման ուղղությամբ ներդրվել է 1 միլիարդ 860 միլիոն դրամ, որից շուրջ 1 միլիարդ 740 միլիոնը՝ ճանապարհային տնտեսության, իսկ 44 միլիոնը՝ էլեկտրիֆիկացիայի և էներգամատակարարման ոլորտների զարգացման համար։ Ընթացիկ տարում փոխարինվել է շուրջ 7 կիլոմետր երկաթուղային գիծ։

Ըստ ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի՝ նման ինժեներական աշխատանքները պահանջում են բարձր կազմակերպվածություն և մեծ թվով մասնագետների ներգրավում։ Նրա խոսքով՝ ժամանակավոր փոփոխությունները գնացքների երթևեկության գրաֆիկում նպատակ ունեն ապահովելու երթևեկության անվտանգությունն ու երկաթուղու անխափան աշխատանքը։