Մշակութային ցեղասպանության նոր դրսևորում. Արցախի Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին ավիրվում է
Ադրբեջանական մի շարք թելեգրամյան ալիքներ հրապարակել են լուսանկարներ օկուպացված Արցախի Մարտունի քաղաքից, որոնցում երևում է, որ քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին վնասվել է։ Լուսանկարներում տեսանելի են ջարդված պատուհաններ և կրակահերթի հետքեր։ Այս մասին իմանում ենքեն Monument watch կայքից։
Եկեղեցին և դրա շրջակայքը դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում միտումնավոր թիրախավորվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Այդ ժամանակ Մարտունի քաղաքը ենթարկվել էր ինտենսիվ ռմբակոծությունների։ Արկեր էին ընկել նաև եկեղեցու անմիջական հարևանությամբ։ Եկեղեցու հարավային ճակատի վրա մինչ այժմ պահպանվել են արկակոծության հետքերը։
Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին կառուցվել է 2004 թվականին՝ բարերար Ալիս Օհանյանի հովանավորությամբ և հանդիսացել է Մարտունի քաղաքի հոգևոր կյանքի կենտրոններից մեկը։ Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին գտնվում է Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Լեոնարդ Պետրոսյան փողոցների հյուսիս-արևմտյան հատվածում։
