ՀայաստանՏնտեսություն

«ԷԼԵԱՆՈՐԱ» ընկերության լցակայաններում արձանագրվել են խախտումներ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական գործողությունների արդյունքում կասեցրել է «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող մի շարք բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը։ Խախտումներ են արձանագրվել Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում, Ազատավան և Մասիս համայնքներում գործող կետերում։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ հայտնաբերվել է «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում․ պարզվել է, որ նշված լցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման։ Սա կարող է հանգեցնել վառելիքի ոչ ճիշտ չափման։

Խախտումների արձանագրումից հետո տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ստորագրել է կարգադրագիր, ըստ որի՝ բենզալցակայանների ու գազալցակայանների գործունեությունը կասեցվում է մինչև թերությունների վերացումը։