ՀայաստանՍոցիալական

Երևանը պայքարում է խցանումների դեմ․ անձնական մեքենաների օգտագործումը կարող է կսահմանափակվել

Երևանի քաղաքապետարանը նոր քայլեր է ձեռնարկում մայրաքաղաքի խցանումների խնդիրը լուծելու ուղղությամբ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ առաջիկայում շեշտը կդրվի հանրային տրանսպորտի զարգացման, անձնական ավտոմեքենաների օգտագործման որոշակի սահմանափակումների և տեխնոլոգիական լուծումների ներդրման վրա։

Քաղաքապետը «Ֆեյսբուքում» հայտնել է, որ կայացել է երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և կառավարության տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում առանձնացվել են մի շարք առաջնահերթություններ՝ երթևեկության կազմակերպման, ավտոմեքենաների թվի վերահսկման և քաղաքացիների տեղաշարժի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հոկտեմբերի 16-ին կառավարության նիստում անդրադարձել էր Երևանում խցանումների խնդրին՝ նշելով, որ այն դարձել է քաղաքային կյանքի լուրջ խոչընդոտ։ Վարչապետը հանձնարարել էր ձևավորել ոչ թե պարզապես աշխատանքային, այլ ճգնաժամային խումբ՝ խնդիրը համակարգային ձևով լուծելու համար։

Սակայն հանրային տրանսպորտի ոլորտի վիճակը, մասնագետների գնահատմամբ, դեռևս հեռու է այն մակարդակից, որ քաղաքացիները հրաժարվեն անձնական մեքենաներից։ Նոր ավտոբուսների և տրոլեյբուսների քանակը բավարար չէ, երթուղիների պլանավորումն ամբողջությամբ չի բարելավվել, իսկ պիկ ժամերին մարդկանց հոսքը հաճախ չի սպասարկվում արդյունավետ։